«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները՝ «Ապագա» վավերագրական ֆիլմում
- Dec 5, 2025
- 2 min read

Տեղի ունեցավ ֆրանսահայ կինոռեժիսոր Ալեքսիս Փազումյանի «Ապագա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսներից է դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը։ Ֆիլմում Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է իր հեղինակային նախաձեռնությունները, այդ թվում՝ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո մեկնարկած «Ծնվել եմ Արցախում» ծրագրի առաքելությունն ու 23 տաղանդավոր պատանի երաժիշտների ստեղծագործական աճի կարևորությունը։


Ֆիլմում Սերգեյ Սմբատյանը նշում է դասական երաժշտության անսահմանը ուժը, որը կարող է մշակութային հենարան լինել արցախցի պատանիների համար․
«Դասական երաժշտությամբ զբաղվող բռնի տեղահանված այս երեխաները այսօր ապրում են Հայաստանում, և շատ մեծ պատասխանատվություն է աջակցել նրանց։ Այս պատանիները ծնվել են Արցախում և սիրում են երաժշտությունը։ Ես պատրաստ եմ ամեն ինչ անել այս երեխաների հաջողության համար»։
Ֆիլմում նկարահանվել են ծրագրի բոլոր 23 պատանի երաժիշտները՝ ներկայացնելով իրենց կատարումներն ու անհատական պատմությունները։ Ծրագրի պատանի երաժիշտներից Լիա Բալասանյանը պատմում է իր գործիքի տեղափոխման պատմությունը․

«Երբ իրերը հավաքում էինք, ուզում էի վերցնել իմ էլեկտրոնային դաշնամուրը, բայց այն չէր տեղավորվում մեքենայի մեջ։ Որոշեցի խաղալիքներս հանել ու վերցնել դաշնամուրը։ Ես ուզում եմ դառնալ հայտնի դաշնակահարուհի, և իմ ամենամեծ երազանքն է՝ մի օր վերադառնալ Արցախ»։
Ֆիլմի ռեժիսոր Ալեսիս Փազումյանի խոսքով․«Այս ֆիմլը խոսուն քայլ է միջազգային մեծ ընկերության՝ Yandex Armenia-ի կողմից ցույց տալու, թե որքան մեծ հավատ կա Հայաստանի ներուժի և հնարավորությունների հանդեպ։ Ֆիլմի միջոցով մենք նորովի ենք բացահայտում մեր արմատները, տաղանդը և ապագան»,-պրեմիերային լրագրողների հետ կիսվել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսիս Փազումյանը։
Երեք հերոսների դիմանկարների միջոցով «Ապագա» ֆիլմը օգնում է խորհել, թե ինչպես յուրաքանչյուր անհատ կարող է իր ներդրումն ունենալ երկրի ապագայի կառուցման գործում՝ պահպանելով կապն արմատների հետ և բացահայտելով երկրի զարգացման նոր հեռանկարներ։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը:
Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։






























Comments