top of page

Համերգային այցելություններ ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում

  • 17 hours ago
  • 1 min read

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները ներկա գտնվեցին ժամանակակից երաժշտության փառատոնի առաջին համերգին՝ համաշխարհային պրեմիերայի երեկոյին։ Երեկոյի ընթացքում հնչեց Վիգ Զարթմանի դաշնամուրի կոնցերտը՝ Աշոտ Խաչատուրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի կատարմամբ։ Համերգային ծրագրում ներկայացվեցին նաև Ալեքսանդր Աճեմյանի «Տոնական նախերգանքը» և Ջոն Տեր-Թադևոսյանի Սիմֆոնիա թիվ 4-ը՝ ստեղծելով բարձրարվեստ ու հիշարժան երաժշտական երեկո։


Ծրագրի պատանի երաժիշտները ներկա էին նաև աշխարհահռչակ թավջութակահար Մարիո Բրունելլոյի մենահամերգին, ինչպես նաև Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերային, որը հնչեց Մարիո Բրունելլոյի կատարմամբ։ Համերգի շրջանակում հնչեց նաև Արթուր Ահարոնյանի «Բալլադ Ջոնաթանի մասին» սիմֆոնիկ պոեմը, որը գրվել է ամերիկացի հայտնի գրող և օդաչու Ռիչարդ Բախի համանուն «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» վիպակից ոգեշնչված։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

 «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։


Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։



 
 
 

Comments


bottom of page