Իրականացավ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի դաշնակահար Մարիա Ավանեսյանի երազանքը
- nora0465
- 6 days ago
- 1 min read

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի դաշնակահար Մարիա Ավանեսյանը 2023 թվականի բռնի տեղահանումից հետո տանը չունենալով գործիք, ստիպված էր պարապել բակի շենքերից մեկի շքամուտքում։ Եվ ահա սպասված դաշնամուրը հասավ Արտաշատ՝ իրականություն դարձնելով պատանի դաշնակահարուհու երազանքը։ Այս կարևոր նախաձեռնությունն իրականացվեց «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկեր «Դիալոգ» կազմակերպության և կազմակերպության ընկերներ՝ Միխայիլ և Իննա Հարությունյանների շնորհիվ։

Մարիայի զգացմունքները աննկարագրելի էին։ Նա իր շնորհակալական խոսքում նշեց․ «Ես շատ ուրախ եմ, որ ինձ նվիրեցին այս դաշնամուրը։ Խոստանում եմ ամեն օր չորս ժամ պարապել և սովորել ավելի բարդ ստեղծագործություններ։ Իմ մեծ երազանքն է մի օր նվագել նվագախմբի հետ և կրկին ելույթ ունենալ Արցախի բեմերում»։

«Դիալոգ» կազմակերպության համանախագահ Գոռ Կարախանյանը Մարիային ուղղեց իր խոսքը․
«Քո ակտիվ մասնակցությունն «Ծնվել եմ Արցախում» ծրագրի նախաձեռնություններին արդեն իսկ վկայում է երաժշտության նկատմամբ քո անսահման նվիրումի մասին։ Հուսով ենք, որ այս դաշնամուրը նոր հաջողությունների և ստեղծագործական ձեռքբերումների սկիզբ կլինի։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Միխայիլ և Իննա Հարությունյաններին՝ Մարիայի երազանքի իրականացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։ Նրանք ևս քեզ մաղթում են մեծ հաջողություններ երաժշտական ասպարեզում։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Սերգեյ Սմբատյանին և ծրագրի ողջ թիմին՝ այս նախաձեռնությունները կյանքի կոչելու համար»։
Մարիան «Ծնվել եմ Արցախում» ծրագրի 23 շահառուներից մեկն է և ծրագրի նպատակն է ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը, և այն իրականացնում է «Արվեստ23» հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո։ Այն ընդգրկում է 23 երեխա, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։




Comments