Այցելություն «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի համերգներին
- yana1585
- Sep 24
- 1 min read
Updated: Oct 8
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները այցելեցին «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած՝ «Չայկովսկի. Դաշնամուրի կոնցերտ թիվ 1» համերգին։ Երեկոյի ընթացքում հնչեց Պյոտր Չայկովսկու հանրահայտ դաշնամուրի կոնցերտը՝ դաշնակահար Օլգա Շեպսի կատարմամբ։

Համերգը նաև նշանավորվեց Ալեքսանդր Հարությունյանի 105-ամյա հոբելյանով․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարեց կոմպոզիտորի «Տոնական նախերգանքը» և «Կրակի բովով» ստեղծագործությունը «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմից։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան ՍերգեյՍմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։




Comments