Հոգեբանական աջակցություն արվեստով. արտ թերապիայի մեկնարկը
- yana1585
- Jul 31
- 1 min read
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի շահառուների առաջին խումբը մասնակցեց արտ թերապիայի՝ կավաթերապիայի հանդիպման, որը վարեց «Շունչ արտ կենտրոնի» հիմնադիր ղեկավար Գուրգեն Բաղդասարյանը։
Սա ռելաքսացիայի, ինքնավերլուծության և ներքին խաղաղություն գտնելու առանձնահատուկ փորձառություն էր։ Պատանի մասնակիցներն իրենց ձեռքերով կավի միջոցով ոչ միայն ստեղծեցին, այլ նաև արտահայտեցին իրենց ներաշխարհը, զգացմունքներն ու առաջնահերթությունները։
Հանդիպումը դարձավ հուզական ու շփման համար հարմար տարածք, որտեղ մասնակիցները զգացին վստահություն, կարեկցանք և ստեղծագործելու ազատություն։
Արտ թերապիայի այս հանդիպումները լինելու են շարունակական, դառնալով ծրագրի կարևոր բաղադրիչ՝ հոգեբանական վերականգնման ու ինքնաճանաչման ճանապարհին։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։










Comments