top of page

Հանդիպում «Դիալոգ» կազմակերպության նախագահ, «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկեր Յուրի Նավոյանի և կազմակերպության համանախագահ Գոռ Կարախանյանի հետ


«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները հանդիպում ունեցան «Դիալոգ» կազմակերպության նախագահ, ծրագրի գործընկեր Յուրի Նավոյանի և կազմակերպության համանախագահ Գոռ Կարախանյանի հետ։

Հանդիպման ընթացքում Յուրի Նավոյանը հենց ծրագրի մասնակիցներից տեղեկացավ տարվա ընթացքում գրանցած հաջողությունների և ստեղծագործական առաջընթացի մասին։ Յուրի Նավոյանը ներկայացրեց «Դիալոգ» կազմակերպության ներկայիս գործունեությունը, ինչպես նաև Արցախի մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրականացվող ծրագրերը։


Յուրի Նավոյանը ընդգծեց, որ «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը մասնակիցների համար ստեղծում է լայն հնարավորություններ՝ շփվելու և համագործակցելու միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների հետ, միաժամանակ տրամադրելով նոր հարթակներ՝ իրենց տաղանդը բացահայտելու և զարգացնելու համար։ Հիշեցնենք, որ ծրագրի հինգ պատանի երաժիշտներ հանդիսանում են «Դիալոգ» կազմակերպության կրթաթոշակառուներ։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։


Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page