«Ծնվել եմ Արցախում» ծրագրի շեփորահար, «Դիալոգ» կազմակերպության կրթաթոշակառու Արսեն Սաֆարյանը ելույթ ունեցավ «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին
- Oct 31, 2025
- 2 min read
Updated: Dec 9, 2025

Մոսկվայի Միջազգային Երաժշտության Տանը կայացավ «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգը, որը համախմբել էր հիմնադրամի կրթաթոշակառուներին և երիտասարդ տաղանդներին։
Հիմնադրամը, կարևորելով «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մշակութապահպան գործունեությունը, համերգին մասնակցելու համար հրավիրել էր ծրագրի շահառու, արցախցի շեփորահար Արսեն Սաֆարյանին։
Արսեն Սաֆարյանը Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Միխայիլ Բուտի ղեկավարությամբ, ներկայացավ Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտով՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
«Մեր գալա-համերգները արդեն դարձել են իրական երաժշտական տոն, որի մասնակցությունը մեր պատանի կատարողների համար մեծ փորձ է։ Հիմնադրամի երկարամյա գործընկերն է Մոսկվայի «Ռուսական Ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախումբը։ Վերջին հինգ տարիների ընթացքում մեր հիմնադրամի գլխավոր նպատակն է եղել ստեղծել մի հարթակ, որը կօգնի մեր երեխաներին իրենց մասնագիտական կայացման ճանապարհին և միաժամանակ կդառնա կամուրջ՝ միավորելով տարբեր երկրներում ապրող հայ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։ Մենք ձգտում ենք խթանել նրանց համագործակցությունը, ստեղծագործական աճը և Հայաստանի հետ կապի ամրապնդումը, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս ապրող երեխաները միշտ պահպանեն իրենց կապը պատմական հայրենիքի հետ»: Իր խոսքում նշեց․ «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի նախագահ Արաքսիա Մուշեղյանը

Գալա-համերգի ընթացքում հնչեցին նաև Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Պյոտր Չայկովսկու, Մորիս Ռավելի, Պեդրո Իտուրալդեի, Ջորջ Գերշվինի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությունները։
Հիմնադրամի նախագահ Հասմիկ Չախմախչյանի խոսքով․ «Երեխաները մեր ապագան են։ Նրանց դաստիարակությունից, բազմակողմանի զարգացումից և կրթությունից է կախված, թե վաղը ինչ մակարդակով կներկայացվի Հայաստանի մշակույթը աշխարհում։ Ահա թե ինչու մենք ամեն կերպ աջակցում ենք նրանց մասնագիտական ձևավորմանը և ներդրում անում նրանց զարգացման մեջ»։
«Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի համագործակցությունը միտված է աջակցելու արցախցի պատանի երաժիշտների ստեղծագործական աճին, մասնագիտական հմտությունների ամրապնդմանը և միջազգային բեմերում ներկայանալու նոր հնարավորությունների ստեղծմանը։
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։




Comments