«Ծնվել եմ Արցախում» ծրագրի երաժիշտները՝ «Երևան» երիտասարդական նվագախմբի կազմում
- yana1585
- Aug 2
- 1 min read
Updated: Aug 7
Հուլիսի 29-ին «Ծնվել եմ Արցախում» ծրագրի երեք տաղանդավոր սաները՝ Արսեն Սաֆարյանը (շեփոր), Գևորգ Պետրոսյանը (կլարնետ) և Վահագն Աբաղյանը (շեփոր), բեմ բարձրացան «Երևան» երիտասարդական նվագախմբի կազմում՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես եկավ աշխարհահռչակ շեփորահար Սերգեյ Նակարյակովը։ Նրա հետ միևնույն բեմը կիսելը դարձավ բացառիկ ու անմոռանալի փորձառություն մեր սաների համար՝ հնարավորություն տալով ոչ միայն հանդես գալ միջազգային բարձրակարգ երաժշտի հետ, այլև զգալ մեծ բեմի պատասխանատվությունն ու ոգևորությունը։
Համերգն արժանացավ ջերմ ընդունելության հանդիսատեսի կողմից։ Երիտասարդ երաժիշտների մասնակցությունը վկայում էր նրանց բարձր պատրաստվածության, երաժշտական նվիրվածության և աճելու ձգտման մասին։

Համերգի կազմակերպիչներն են՝ Երևանի քաղաքապետարանը և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։

Նույն ծրագրով «Երևան» երիտասարդական նվագախումբը հանդես կգա նաև օգոստոսի 2-ին՝ Բեռլինում՝ մասնակցելով Young Euro Classic հեղինակավոր փառատոնին։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։










Comments