Երաժշտական ճանապարհորդություն դեպի մոլորակներ
- nora0465
- Nov 12
- 1 min read
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները ներկա էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մոլորակները» համերգին՝ մաեստրո Կոնրադ վան Ալֆենի ղեկավարությամբ։
Տիեզերական թեմայով համերգը տպավորիչ էր ոչ միայն երաժշտական, այլև վիզուալ տեսանկյունից․ մոլորակների լուսային և պրոյեկցիոն էֆեկտները ստեղծում էին ամբողջական տիեզերական մթնոլորտ՝ հնչյունների և գույների համադրությամբ։
Երաժշտության և լուսային պատկերների ներդաշնակությունը պատանի երաժիշտներին տեղափոխեց նոր զգացողությունների աշխարհ՝ որտեղ յուրաքանչյուր նոտա լուսավորվում էր տիեզերական գույներով։
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։
















Comments