Նոր գործիքներ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտների համար
- Mar 17
- 2 min read

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի հինգ պատանի երաժիշտներ՝ Նվեր Բաղդասարյանին (կոնտրաբաս), Ռոման Ավանեսյանին (կլարնետ), Մարինե Սարգսյանին (ջութակ), Լուսինե Հովսեփյանին և Նվեր Ծատրյանին (թավջութակ) տրամադրվեցին նոր գործիքներ՝ ծրագրի գործընկեր «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության աջակցությամբ։
Ծրագրի պատանի երաժիշտների համար իրականացված այս նախաձեռնությունը կարևոր քայլ է նրանց մասնագիտական կայացման ճանապարհին՝ երաշխավորելով կրթության շարունակականությունն ու ստեղծագործական առաջընթացի հնարավորությունը։ Նոր գործիքները նրանց համար պարզապես նվագելու միջոց չեն, այլ նաև ապագայի հանդեպ հավատ ներշնչող ևս մեկ առիթ ։
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության նախագծերի և հաղորդակցությունների մենեջեր Իրինա Սահակյանի խոսքով՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» կենսաթոշակային ակտիվների կառավարման ընկերությունը, հավատարիմ մնալով իր արժեքներին և երկարաժամկետ տեսլականին, կարևորում է կրթության և մշակույթի ոլորտներում ներդրումները։ «Ծնվել եմ Արցախում» ծրագրին ցուցաբերվող աջակցությունը նպատակ ունի նպաստելու պատանի երաժիշտների մասնագիտական կրթության շարունակականությանը և մշակութային զարգացմանը։

Մենք համոզված ենք, որ կրթության մեջ կատարված ներդրումը ամենահեռանկարային ներդրումն է։ Այս նախաձեռնության շնորհիվ երիտասարդները հնարավորություն են ստանում շարունակելու իրենց երաժշտական ուղին, ձեռք բերելու նոր փորձառություն և արժանապատվորեն ներկայանալու միջազգային բեմերում։ Ձեր տաղանդով դուք ներկայացնում եք ոչ միայն հայկական մշակույթը, այլև ապացուցում, որ անգամ ամենածանր իրավիճակներում առաջընթացը հնարավոր է գիտելիքի և արվեստի ուժով»։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի կոնտրաբասահար Նվեր Բաղդասարյանը նշում է․ «Չունենալով իմ սեփական գործիքը, ստիպված էի պարապել միայն երաժշտական դպրոցի լսարաններում՝ սահմանափակ ժամանակացույցով։ Այսօր, ունենալով իմ անհատական կոնտրաբասը, ես հնարավորություն ունեմ լիարժեք պատրաստվելու դասերին, մրցույթներին և համերգային ելույթներին»։

Թավջութակահարներ Լուսինե Հովսեփյանն ու Նվեր Ծատրյանը, ջութակահար Մարինե Սարգսյանը և կլարնետահար Ռոման Ավանեսյանը ևս ընդգծեցին, որ սեփական գործիք ունենալը մեծացնում է պատասխանատվության զգացումը և վստահությունը սեփական ուժերի հանդեպ։
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը շարունակում է աջակցել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանիներին՝ ստեղծելով մասնագիտական աճի և մշակութային ինքնադրսևորման հնարավորություններ։ Այս նախաձեռնությունը ևս մեկ վկայություն է, որ համախմբված աջակցությամբ հնարավոր է պահպանել և զարգացնել Արցախի մշակութային ձայնը՝ այն հնչեցնելով Հայաստանի և աշխարհի տարբեր բեմերում։
Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ , ինչպես նաև անհատ բարերարներ Հայկ Եգանյանի և Կարո Սարգսյանի աջակցությամբ։
















Comments