top of page

«Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնին

  • Apr 6
  • 1 min read

Updated: 5 days ago

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները մարտի 26-ից ապրիլի 4-ը մասնակցեցին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից նախաձեռնված «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնին։

Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան վարպետության դասեր ստանալ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 20 անվանի արտիստների և պրոֆեսորների կողմից։

Պատանի երաժիշտները դասեր ունեցան՝ կլառնետահար Միշել Լեթիեկի (Ֆրանսիա), շեփորահար Ալեքս Էլիայի(Նիդերլանդներ), դաշնակահար Ստանիսլավ Սոլովյովի (Ռուսաստան), կոնտրաբասահար Հանս Շտոկհաուզենի(Գերմանիա),ջութակահար Սերգեյ Օստրովսկու (Շվեցարիա), թավջութակահար Միքայել Հախնազարյանի (Գերմանիա), թավջութակահար Ռազվան Սումայի(Ռումինիա) հետ։


Վարպետության դասերի ընթացքում պատանի երաժիշտները ստացան արժեքավոր մասնագիտական գիտելիքներ, կատարելագործեցին իրենց կատարողական հմտությունները, բացահայտեցին նոր մոտեցումներ և ոգեշնչվեցին միջազգային փորձով հարուստ արվեստագետներից։ Այս օրերը նրանց համար դարձան ոչ միայն ուսուցման, այլև ստեղծագործական աճի և ինքնավստահության ամրապնդման կարևոր փուլ։

Միջազգային ակադեմիա-փառատոնի շրջանակներում կազմակերպված «Դասական ճամփորդություն դեպի Հայաստան» խորագրով համերգաշարին ելույթ ունեցան նաև  «Ծնվել եմ Արցախում» ծրագրի ջութակահարներ Ալեքսանդրա Հայրապետյանն ու Արսեն Համբարձումյանը, դաշնակահար Էդվարդ Սարգսյանը և կոնտրաբասահար Նվեր Բաղդասարյանը։

Դասական երաժշտության նմանատիպ միջավայրում ձևավորվող փորձը նպաստում է ոչ միայն տեխնիկական կատարելությանը, այլև երաժշտական մտածողության ընդլայնմանը։

«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի քաղաքապետարանը։


«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

 «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։


Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության աջակցությամբ։



 
 
 

Comments


bottom of page