«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները հանդես եկան Գյումրիում
- 2 days ago
- 1 min read
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում» խորագրով համերգաշարի շրջանակում ելույթ ունեցան Գյումրու կամերային դահլիճում։

Համերգը դարձավ հիշարժան իրադարձություն՝ համախմբելով տարբեր սերունդների երաժշտասեր հանդիսատեսին։ Պատանի կատարողները ներկայացրին բազմաժանր ծրագրով ելույթներ՝ փոխանցելով իրենց ապրումները երաժշտության լեզվով։
«Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում» խորագիրը կրող համերգաշարի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանի երաժիշտներին ձեռք բերել մասնագիտական բեմական փորձ՝ հանդես գալով Հայաստանի տարբեր մարզերում։
Նախաձեռնությունն իրականացվում է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և Գյումրու կամերային դահլիճի աջակցությամբ։
Այս նախաձեռնության կարևոր նպատակներից է պատանի երաժիշտների և հանդիսատեսի միջև կենդանի հաղորդակցության ստեղծումը։ Տեղահանումից հետո տարբեր մարզերում բնակվող արցախցիների շփումը սահմանափակվել է, իսկ համերգաշարը միտված է մշակույթի միջոցով վերականգնելու այդ կապերը՝ երաժշտության միջոցով։
Այս այցը միայն համերգային չէր, այլ նաև ճանաչողական ու ոգեշնչող։ Պատանիները այցելեցին Մհեր Մկրտչյանի անվան թանգարան՝ բացահայտելով մեծ արտիստի ստեղծագործական ուղին և արվեստի աշխարհը։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները ելույթներով հանդես կգան նաև Դիլիջանում, Վանաձորում, Տաշիրում և Կապանում։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։
Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության աջակցությամբ։








































Comments