Գաֆեսճեան արվեստի կենտրոնում
- 6 days ago
- 1 min read

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի երաժիշտ պատանի երաժիշտները այցելեցին Գաֆեսճեան արվեստի կենտրոն։ Նրանք ծանոթացան թանգարանում ցուցադրված միջազգային և հայ արվեստագետների ստեղծագործություններին՝ քանդակներին, արվեստի նմուշներին և ժամանակակից արվեստի տարբեր ուղղություններին։
Այցը դարձավ ոգեշնչման կարևոր աղբյուր՝ նպաստելով նրանց գեղարվեստական մտածողության զարգացմանը և ստեղծագործական երևակայության ընդլայնմանը։
Այսպիսի մշակութային փորձառությունները ձևավորում են լայն աշխարհայացք և օգնում պատանիներին իրենց ապագա ստեղծագործական ճանապարհը կառուցել ավելի վստահ ու գիտակցված։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։
Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության աջակցությամբ։




Comments