top of page

Հանդիպում Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի հետ

  • Apr 16
  • 1 min read

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի շրջանակում մեկնարկեց «Հանդիպումներ հանրային գործիչների հետ» նախագիծը։ Մեր հյուրն էր Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը։


Պատանի երաժիշտները ունեցան անկեղծ ու ոգեշնչող հանդիպում՝ «Հաղթահարելով վախը․ ինչպես լինել անկաշկանդ բեմում» թեմայով։ Նարինե Գրիգորյանը կիսվեց իր հարուստ բեմական փորձով՝ պատմելով, թե ինչպես կարելի է ներքին լարվածությունը վերածել ստեղծագործական էներգիայի։

Նարինե Գրիգորյանը նաև ներկայացրեց Արցախի թեմայով բեմադրված «Հաղթանակի գենեզիս», «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումները, որոնք խոր հուզականությամբ և անկեղծությամբ բացահայտում են մարդկային ճակատագրերը պատերազմի ու տեղահանության պայմաններում։

Հանդիպումները հանրային գործիչների հետ շարունակական են լինելու՝ պատանի երաժիշտները կբացահայտեն արվեստի և ստեղծագործական աշխարհի նոր կողմերը, կծանոթանան տարբեր մասնագիտական ուղիների, հաջողության պատմությունների և տարբեր ոլորտներում իրենց նշանակալի ներդրումն ունեցած մարդկանց հետ։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

 «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։

Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության աջակցությամբ։



 
 
 

Comments


bottom of page