Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտում
- nora0465
- Feb 4
- 1 min read
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները այցելեցին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ։

Այցի ընթացքում նրանք ծանոթացան Կոմիտաս Վարդապետի հարուստ ու բազմաշերտ ժառանգությանը՝ նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությանը, ինչպես նաև հայ ազգային երաժշտության պահպանման ու զարգացման գործում ունեցած բացառիկ դերակատարությանը։
Թանգարանում ներկայացված ցուցադրությունները հնարավորություն տվեցին մասնակիցներին ավելի խորությամբ ընկալել Կոմիտասի ստեղծագործական աշխարհը, նրա հոգևոր ու մշակութային առաքելությունը, ինչպես նաև ստանալ նոր գիտելիքներ և ոգեշնչում իրենց երաժշտական ճանապարհի համար։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։
















Comments