Աբովյան քաղաքում տրվեց «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում» խորագրով մարզային համերգաշարի մեկնարկը
- Apr 13
- 1 min read

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում» խորագրով համերգաշարի շրջանակում ելույթ ունեցան Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում։
«Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում» խորագիրը կրող համերգաշարի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանի երաժիշտներին ձեռք բերել մասնագիտական բեմական փորձ՝ հանդես գալով Հայաստանի տարբեր մարզերում։
Նախաձեռնությունն իրականացվում է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ։
Համերգի ընթացքում արցախցի պատանի երաժիշտները ներկայացրին իրենց արվեստն ու ստեղծագործական կարողությունները՝ հանդիսատեսին փոխանցելով ապրող, զգացմունքային և ուժեղ հնչյուններ։Պատանիները հենց բեմից կիսվեցին իրենց երաժշտական նպատակներով և ներկայացրին կատարվող ստեղծագործությունները։
Այս նախաձեռնության առանցքային բաղադրիչներից է պատանի երաժիշտների և հանդիսատեսի միջև անմիջական, կենդանի հաղորդակցության ստեղծումը։
Տեղահանումից հետո արցախցիները բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր մարզերում, ինչի հետևանքով զգալիորեն սահմանափակվել են միմյանց հետ շփման հնարավորությունները։ Մարզերում կազմակերպվող համերգաշարը նպատակ ունի մշակույթի միջոցով վերականգնել այդ կապերը՝ խթանելով երաժշտության միջոցով կենդանի հաղորդակցությունը։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները ելույթներով հանդես կգան նաև Գյումրիում, Դիլիջանում, Վանաձորում, Տաշիրում և Կապանում։
Հաջորդ համերգևը տեղի է ունենալու ապրիլի 25-ին, ժամը՝ 18:00 Գյումրու կամերային դահլիճում:
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։
Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության աջակցությամբ։


































Comments