top of page
Image by Hao Zhang

Ծրագրին դիմելու կարգ

1. Ընդհանուր դրույթներ

1.1. «Արվեստ23» ՀԿ-ն (այսուհետ՝ «Արվեստ23») մեկնարկում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր և տավիղ:

1․2․ Դիմորդները ընդգրկվելու են Ծրագրում մրցութային սկզբունքներով և հաղթահարելով մրցութային փուլերը՝ համարվելու են Ծրագրի շահառուներ (այսուհետ՝ Շահառու)։ Վերջիններիս համար «Արվեստ23»-ն ապահովելու է․

  • Վարպետության դասեր

  • Բեմական փորձ 

  • Թանգարանային այցեր

  • Օտար լեզվի դասեր 

  • Այցելություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան համերգներին  

  • Ֆինանսական աջակցություն՝ ուսման վարձավճարի կամ մասնագիտական այլ ծախսերի համար 

  • Երաժշտական գործիքի տրամադրում` ըստ անհրաժեշտության (կախված դիմորդի՝գործիքի առկայությունից և բնակության վայրից)

  • Համակարգչի և ինտերնետ կապի տրամադրում՝ ըստ անհրաժեշտության (կախված դիմորդի բնակության վայրից)։

 

1.3. Մրցութային փուլերի ավարտից հետո «Արվեստ23»-ը կարող է ընդգրկել Ծրագրում առավելագույնը 23 Շահառու։ Շահառուն ընդգրկվելու է Ծրագրում 5 տարի ժամկետով:

2. Մրցույթի անցկացման փուլեր

 2.1. Մրցույթն ընթանում է հետևյալ փուլերով.

  • դիմում-հայտի և անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկում,

  • մասնակցություն ունկնդրումներին Երևան քաղաքում,

  • արդյունքների ամփոփում և Ծրագրի շահառուների ընտրություն,

  • պայմանագրերի կնքում։

 

3. Ծրագրին դիմելու նախապայմաններ

3․1․ Ծրագրին կարող են դիմել Արցախում ծնված և Արցախից տեղահանված այն պատանի երաժիշտները, որոնք․

  • բնակվում են ՀՀ-ում,

  • դիմում-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ մինչև 18 տարեկան են (18-ը ներառյալ),

  • հանդիսանում էին Արցախի երաժշտական/արվեստի դպրոցի/քոլեջի/վարժարանի սան և տեղահանումից հետո շարունակում են իրենց երաժշտական կրթությունը ՀՀ-ի երաժշտական/արվեստի դպրոցում/քոլեջում կամ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում,

  • չէին հանդիսանում Արցախի երաժշտական/արվեստի դպրոցի/քոլեջի/վարժարանի սան, բայց տեղահանումից հետո ընդունվել են ՀՀ-ի երաժշտական/արվեստի դպրոց/քոլեջ կամ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա,

 

3․2․ Ծրագրին դիմելիս և հետագայում որպես Շահառու ներգրավվելու դեպքում դիմորդը կարող է անդամակցել/մասնակցել «Արվեստ23»-ի կողմից առաջարկվող Ծրագրից դուրս միայն այլ այն ծրագրերին/նախաձեռնություններին, որոնք ունեն կրթական բաղադրիչ և նպաստում են Շահառուի կրթական և զարգացման առաջընթացին:

3․3․ «Արվեստ23»-ի Խորհուրդը, ելնելով դիմորդի՝ այլ ծրագրերում/նախաձեռնություններին անդամակցության/մասնակցության մասին ներկայացված տվյալներից, իրավունք ունի որոշում կայացնել չընդգրկել դիմորդին Ծրագրում որպես Շահառու։

4. Ծրագրին դիմելու պահանջներ 

4.1. Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • Դիմում-հայտ՝ լրացված դիմորդի օրինական ներկայացուցչի՝ ծնողի կամ խնամակալի (այսուհետ` Օրինական ներկայացուցիչ) / չափահաս դիմորդի կողմից առցանց՝ «Արվեստ23»-ի կայքի միջոցով. սեղմել սույն կարգի վերջում գտնվող «Դիմել ծրագրին» կոճակը, լրացնել այն համակարգչով, կցել անհրաժեշտ փաստաթղթերը, ապա սեղմել «Դիմել հիմա» կոճակը։

  • Դիմորդի ծննդյան վկայականի պատճեն

  • Դիմորդի անձնագրի (առկայության դեպքում) պատճեն (գլխավոր էջը, ծնողների/ծնողի մասին նշումով էջը կամ հասցեի էջր)։

  • Դիմորդի լուսանկար (ցանկալի է արտիստիկ լուսանկար)

  • Դիմորդի փաստացի բնակության վայրի (ոչ հաշվառման վայրի) մասին տեղեկանք:

  • Տեղեկանք դիմորդի՝ ՀՀ-ի երաժշտական հաստատությունից՝ առ այն, որ նա հանդիսանում է տվյալ երաժշտական հաստատության աշակերտ/ուսանող՝ նշելով․

      - ընդունման ամսաթիվը,

      - դասարանը/կուրսը, 

      - բաժինը/մասնագիտությունը

  • Դիմորդի Օրինական ներկայացուցչի /չափհաս դիմորդի դրամային բանկային հաշվի առկայության մասին տեղեկանք բանկից (ոչ քաղվածք, ոչ մնացորդ, այլ՝ դրամային բանկային հաշվի ռեկվիզիտների (հաշվեհամար, արժույթ` ՀՀ դրամ, և բանկ) մասին տեղեկանք) (այն հաշվեհամարի, որին դիմորդի՝ Ծրագրի Շահառու դառնալու դեպքում կփոխանցվի ֆինանսական աջակցությունը):

 

4․2․ Դիմելուց հետո էկրանին կերևա Ծրագրին դիմելու մասին հաղորդագրություն:

 

4․3․ «Դիմել հիմա» կոճակը սեղմելուց հետո հնարավոր չի լինի կատարել փոփոխություններ ներկայացված փաստաթղթերում, ուստի նախքան դիմելը համոզված եղեք, որ հայտը ճիշտ և ամբողջական է լրացված, և բոլոր փաստաթղթերն առկա են։

4․4․ «Արվեստ23»-ը, ելնելով դիմորդի ներկայացրած տվյալներից, իրավունք ունի ըստ անհրաժեշտության դիմորդից պահանջել այլ փաստաթղթեր ևս։

4.5. Դիմում-հայտի և պահանջվող մյուս փաստաթղթերի՝ առցանց կամ էլ․ փոստով ուղարկելը համարժեք է դիմորդի Օրինական ներկայացուցչի / չափահաս դիմորդի ստորագրությանը և վկայում է, որ Օրինական ներկայացուցիչը և դիմորդը․

  • ծանոթացել են, համաձայն են և անվերապահորեն ընդունում են սույն Կարգի բոլոր դրույթները և «Արվեստ23» ՀԿ-ի «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի Շահառուների պարտականությունները,

  • առանց առարկության ընդունում են ժյուրիի և «Արվեստ23»-ի Խորհրդի կողմից գրանցվելիք արդյունքները (կայացվելիք որոշումը), 

  • տալիս են իրենց համաձայնությունը «Արվեստ23»-ին՝ իրենց կողմից տրամադրած անձնական տվյալների և տեղեկատվության՝ սույն Ծրագրի շրջանակներում մշակելու համար։ 

  • համաձայն են, որ Ծրագրի շրջանակներում դիմորդի մասնակցությամբ արված լուսանկարները, աուդիո նյութերը և տեսանյութերը օգտագործվեն, տարածվեն և հանրայնացվեն «Արվեստ23»-իկողմից, 

  • պատասխանատու են իրենց ներկայացրած տեղեկության ճշգրտության, հավաստիության և սույն Կարգում նշված պահանջներին բավարարելու համար:

 

4․6․ Ներկայացվող փաստաթղթերի թերի լինելու, ինչպես նաև սույն Կարգում նշված նախապայմաններին և պահանջներին չբավարարելու դեպքում դիմորդների հայտերը ենթակա են մերժման, ինչի մասին դիմորդները նախապես կտեղեկացվեն: 

 

5. Ժամանակացույց

5.1. Ծրագրին դիմելու համար հայտերի և փաստաթղթերի ընդունման ժամկետն է մինչև 2024թ․ հոկտեմբերի 15-ը ներառյալ:

5.2. Ստացված դիմում-հայտերի ամփոփումից հետո դիմորդները գրավոր կտեղեկացվեն ունկնդրումների մանրամասների մասին (անցկացման վայր և ժամ)՝  նրանց ուղարկված հրավերի տեսքով:

5.3. Ունկնդրումները կանցկացվեն ս./թ․ հոկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որի ավարտից հետո դիմորդները գրավոր կտեղեկացվեն ժյուրիի որոշման մասին։ 

5.4. Հոկտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի հարցազրույց «Արվեստ23»-ի նախագահի հետ: 

5․5․ Մինչև ս․/թ․ նոյեմբերի 5-ը կհայտարարվեն Ծրագրի Շահառուների անունները։ Հայտարարելուց հետո նրանց Օրինական ներկայացուցիչների հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կկնքվի պայմանագիր:

5.6. «Արվեստ23»-ը կարող է վերանայել վերոնշյալ ժամանակացույցը՝ կախված ներկայացված հայտերի քանակից։

Թարմացում․ Ունկնդրումները կանցկացվեն դեկտեմբերի 26-ին։

 

6. Ելույթի գնահատման չափորոշիչները

6.1. Գնահատման չափորոշիչներն են.

  • Ընտրված ծրագրի համապատասխանությունը դիմորդի տարիքային և անհատական առանձնահատկություններին:

  • Ստեղծագործության/ների կատարողական մեկնաբանության գեղարվեստական արժանիքները:

  • Կատարողի տեխնիկական հմտությունների մակարդակը:

 

7. Ունկնդրումներ

7.1. Երևանում անցկացվող ունկնդրումների ժամանակ դիմորդը պետք է․

  • հանդես գա իր ընտրությամբ ազատ ծրագրով (1 կամ մի քանի ստեղծագործություն), որը պետք է կատարվի անգիր և որն իր կարծիքով լավագույնս կներկայացնի իրեն՝ որպես առաջադրված թեկնածուի։ Ներկայացվող ծրագրի տևողությունը պետք է լինի առավելագույնը 15 րոպե:

  • հանդես գա մենանվագ ստեղծագործության կատարումով (որպես մենակատար)։ Եթե ներկայացվող ստեղծագործությունը/ները կատարվում են նվագակցությամբ, ապա դիմորդը պետք է ինքնուրույն ապահովի նվագակցություն ունկնդրումների ընթացքում (անհնարինության դեպքում՝ «Արվեստ23»-ը կտրամադրի նվագակցող՝ կախված դիմորդի բնակության վայրից)։​

7.2. Ունկնդրումներին մասնակցության ծախսերը (օր․՝ տրանսպորտային ծախսեր) հոգում է դիմորդը/Օրինական ներկայացուցիչը։

7․3․ Ունկնդրումների ընթացքում ժյուրին իրավունք ունի ընդհատել դիմորդին։

7.4. Դիմորդի՝ ունկնդրումներին ներկայանալ չկարողանալու դեպքում դիմորդը/Օրինական ներկայացուցիչն այդ մասին նախապես 1 օր առաջ պետք է ուղարկի գրավոր տեղեկացում info@arvest23.org էլ․ փոստի հասցեին։ Ունկնդրումներին մասնակցել չկարողանալու դեպքում պատանի երաժիշտը այլևս չի համարվում դիմորդ և չի կարող շարունակել իր մասնակցությունը տվյալ Ծրագրի մրցութային փուլերին։

 

8. Արդյունքների ամփոփում և շահառուների խրախուսում

8.1. Արդյունքների ամփոփումից հետո ընտրված լավագույն դիմորդների Oրինական ներկայացուցիչների / չափահաս դիմորդների հետ կնքվելու է Շահառուի աջակցության պայմանագիր 5 տարի ժամկետով։

8․2․ Ժյուրիի և «Արվեստ23»-ի Խորհրդի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։ 

bottom of page